ՉԺՀ-ի նախագահը չորսօրյա պաշտոնական այցով ժամանում է Մեծ Բրիտանիա
Международные новостиՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը տիկնոջ՝ Պեն Լիույանի ուղեկցությամբ հոկտեմբերի 19-ին չորսօրյա պաշտոնական այցով ժամանում է Մեծ Բրիտանիա, տեղեկացնում է Արմենպրես-ը:
Սի Ցզինպինի ուղեւորությունը կդառնա Չինաստանի ղեկավարի՝ վերջին տասը տարվա ընթացքում առաջին այցը Մեծ Բրիտանիա: Միացյալ Թագավորություն վերջին այցը 2005 թվականին կատարել է ՉԺՀ-ի նախկին նախագահ Հուն Ցզինտաուն:
Այս տարվա մարտին արքայազն Ուիլյամն առաջին անգամ այցով ժամանել էր Չինաստան՝ դառնալով Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի առաջին բարձրաստիճան անդամը, որն այդ երկիր է այցելել վերջին երեք տասնամյակի ընթացքում: Եղիսաբեթ II թագուհին եւ նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, Չինաստան են այցելել 1986 թվականին:
Չինաստանի ղեկավարին եւ նրա տիկնոջը հիրավի թագավորական ընդունելություն է սպասում: Սի Ցզինպինը եւ Չինաստանի առաջին տիկինը Լոնդոնի Հիթրոու օդանավակայան կժամանեն հոկտեմբերի 19-ի երեկոյան եւ Մեծ Բրիտանիայում կգտնվեն մինչեւ հոկտեմբերի 23-ը: Այցի ընթացքում չինացի հյուրերն ապրելու են Բուկինհեմյան պալատում: Պաշտոնական ծրագիրը կսկվի հոկտեմբերի 20-ի առավտոյան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: