Ադրբեջանի ԱԱՆ ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով երկրի Ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար է նշանակվել արդարադատության փոխնախարար, Քրեակատարողական ծառայության ղեկավար գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիեւը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական պաշտոնական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով հոկտեմբերի 18-ին երկրի Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին անակնկալ կերպով պաշտոնանկ անելուց անմիջապես հետո հիշյալ նախարարությունում Անվտանգության պետական ծառայության եւ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից համատեղ անցկացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են ԱԱՆ մոնիտորինգային կենտրոնի (հեռախոսների լսման վարչություն) աշխատակիցներ, մասնավորապես, Նաթավան Մամեդովան եւ գեներալ-մայոր Թեյմուր Գուլիեւը, ինչպես նաեւ Հակաահաբեկչական կենտրոնի պետի տեղակալ Ի լգար Ալիեւը: Էլդար Մահմուդովը ներկայում գտնվում է իր տանը, փաստորեն, տնային կալանքի մեջ:
Անդրադառնալով Էլդար Մահմուդովի աշխատանքից հեռացվելու պատճառին, մասնավորապես moderator.az կայքը գրել էր, որ գլխավորապես դա կապված է այն բանի հետ, որ ձերբակալված աշխատակիցները Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ լսել են Ադրբեջանի նախագահի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իշխանության բարձրաստիճան անձանց եւ նրանց ընտանիքների հեռախոսային խոսակցությունները, ինչը, սովորաբար արվում է երկրում «հեղաշրջում» իրականացն ելուց առաջ:
«Ուղիղ 10 տարի առաջ` 2005 թվականի հենց հոկտեմբերի 17-ին Իլհամ Ալիեւը աշխատանքից հեռացրեց երկու հզոր նախարարների` Ալի Ինսանովին եւ Ֆարհադ Ալիեւին, եւ «պետական հեղաշրջման փորձի» մեղադրանքով կալանքի ենթարկեց նրանց: Այն ժամանակ այդ գործողությունը գլխավորել էր ԱԱՆ ղեկավար Էլդար Մահմուդովը, եւ հետաքրքիր է, որ այդ իրադարձությունից 10 տարի անց Ալիեւը նույն կերպ է վարվում Մահմուդովի հետ»,- նշել էր կայքը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները Էլդար Մահմուդովի պաշտոնանկության հնարավոր պատճառներից են համարում նաեւ երկրի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի հետ կոռուպցիոն կապերը, սեփական ապօրինի բիզնեսները եւ այլն:
«Ազադլըգ» թերթն էլ գրել է, որ «բոլոր դեպքերում, ԱԱՆ երկարամյա ղեկավարին «հարվածելը» ցույց է տալիս, որ իշխանության ներսում խարդավանքներն ուժգնանում են եւ ներիշխանական խմբավորումների միջեւ պայքարը հասել է գագաթակետին»: