Եղիսաբեթ II-ը եւ Սի Ցզինպինն ազդարարել են Մեծ Բրիտանիայի եւ ՉԺՀ-ի «գլոբալ գործընկերության» մասին
Международные новостиՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ազդարարել են երկու երկրների միջեւ «գլոբալ գործընկերության» շրջանի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Միացյալ Թագավորության եւ Չինաստանի ղեկավարների հայտարարություններում, որոնք նրան արել են Բուկինհեմյան պալատում կայացած հանդիսավոր բանկետի ընթացքում, որը թագուհին հոկտեմբերի 20-ին տվել է ի պատիվ ՉԺՀ-ի առաջնորդի, որը պետական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում:
Եղիսաբեթ II-ը ՉԺՀ-ի նախագահի այցը կարեւոր ուղենիշ է համարել Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի միջեւ համագործակցության ու բարեկամության խորացման ճանապարհին՝ ընդգծելով, որ երկու երկրները պատրաստ են իրենց հարաբերությունները հասցնել նոր մակարդակի: «Պարոն նախագահ,- ասել է թագուհին՝ դիմելով Սի Ցզինպինին,- Միացյալ Թագավորության եւ Չինաստանի միջեւ հարաբերություններն այսօր իրոք գլոբալ գործընկերություն են: Մենք բոլոր հիմքերն ունենք հանդիսավոր կերպով նշելու մեր երկրների միջեւ տնտեսական փոխհարաբերությունների դինամիկ աճը, ինչպես նաեւ հաջողությունները մեր համատեղ գործողություններում, որոնք նպատակամղված են անհետաձգելի միջազգային մարտահրավերների դիմագրավմանը»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, բանկետին մասնակցել է 170 մարդ, այդ թվում՝ Վինձորների ընտանիքի անդամներ, ներառյալ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը, արքայազն Ուիլյամը եւ նրա տիկինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, որը կարմիր զգեստ էր հագել ի պատիվ ՉԺՀ-ի ազգային դրոշի գույնի: Ընթրիքին մասնակցել է նաեւ Սի Ցզինպինի հիմնական զրուցակիցը ներկայիս պետական այցի ընթացքում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ինչպես նաեւ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը: