Բաքվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին փոխարինող են գտել
Международные новостиԱդրբեջանի իշխանությունները նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությունից հրաժարված ԵԱՀԿ ժողովրդավարական հետազոտությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին փոխարինող են գտել:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին որոշում է ընդունել, որ Ադրեբջանի երկու իշխանամետ ոչ կառավարական կազմակերպություններ` Աշխատանքային իրավունքների լիգան ամերիկյան AJF&Associates Inc ընկերության, իսկ Ադրբեջանի երիտասարդության իրավունքների պաշտպանության կենտրոնը` ֆրանսիական Opinion Way սոցիոլոգիական ծառայության հետ համագործությամբ պետք է նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում exit-poll անցկացնեն:
Ադրբեջանի հիշյալ ոչ կառավարական կազմակերպությունները նախկինում երբեք չեն զբաղվել ընտրությունների մոնիտորինգով եւ գնահատականներով:
Ինչ վերաբերվում է ամերիկյան AJF&Associates Inc եւ ֆրանսիական Opinion Way ընկերություններին, ապա դրանք արդեն հանդես են եկել Ադրբեջանի իշխանությունների գովազդով: Այսպես, նրանց վերջերս անցկացրած հարցումների արդյունքներով Ադրբեջանի բնակչության բացարձակ մեծամասնությունը պաշտպանում է Իլհամ Ալիեւի քաղաքականությունը եւ գտնում է, որ չնայած համակարգային ճգնաժամին` երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ:
Ընտրությունների ոլորտում միջազգային հեղինակավոր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կազմակերպությունն ավելի վաղ հրաժարվել էր Ադրբեջանում ընտրությունների մոնիտորինգից կապված նրա հետ, որ ադրբեջանական իշխանությունները փորձեր են արել սահմանափակել ընտրությունների գնահատականների ժամանակ իր հնարավորությունները: Դա արտահայտվել էր նրանով, որ Բաքուն հրաժարվել էր ընդունել մոնիտորինգի համար կառույցի ներկայացրած դիտորդներին:
2013 թվականին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններից հետո Բաքվում սկանդալ էր տեղի ունեցել, երբ իշխանամետ ուժերը ձախողել էին քվեարկության ընթացքում լուրջ խախտումների մասին հայտարարած միջազգային դիտորդների մամուլի կոնֆերանսը:
Դրանից հետո ադրբեջանական իշխանությունները հայտարարել էին, որ չեն համագործակցելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ, եթե այդ կազմակերպությունը չփոխի իր «ոչ օբյեկտիվ» դիրքորոշումը: