ԱՄՆ-ը եւ դաշնակիցները ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել են հետաքննել Իրանի հրթիռային արձակումները
Международные новостиՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ը դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների գծով կոմիտեին՝ պահանջելով հետաքննել Իրանի կողմից իրականացված հրթիռային արձակումների փաստերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԶԼՄ-ները հաղորդել են համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանից:
«Քառյակի» նամակում նշվում է, որ հրթիռների արձակումները ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի «լուրջ խախտում» են եւ «համապատասխան գործողություններ» են պահանջում: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Իրանի կողմից արձակված գործողության միջին շառավղով հրթիռը, Վաշինգտոնի գնահատմամբ, կարող է միջուկային լիցք կրել: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները դա դիտում Է որպես տարածաշրջանի կայունությունը խախտող «լուրջ գործողություն»:
Ինչպես հաղորդվել է, հոկտեմբերի 11-ին իրանցի զինվորականները մեծ հեռահարության հրթիռի հաջող փորձարկում են իրականացրել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի կողմից հրթիռի փորձարկումը ՄԱԿ-ի բանաձեւերի խախտում չէ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: