Ում աչքերին է փորձում թոզ փչել Թուրքիան՝ սեփական երկրում պայքարելով ԻՊ-ի դեմ
Международные новостиԱնկարայում վերջերս տեղի ունեցած խոշոր ահաբեկչության գործի քննության շրջանակում ոստիկանները Գազիայնթափում 2 օր առաջ հայտնաբերել են պահեստ, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ռումբեր ու մահապարտի գոտիներ են պատրաստում։ Թուրքիայի ոստիկանությունն այնտեղից հայտնաբերել ու առգրավել է 2.5 տոննա ամոնիումի նիտրատ, 10 մահապարտի գոտի, 150 մետր պայթուցիկ, ռումբերի պատրաստման համար նախատեսված քիմիական նյութերի փաթեթներ, 3.683 փամփուշտ, 25 ձեռքի նռնակ, «Կալաշնիկով» տիպի 6 ինքնաձիգ, 1 որսորդական հրացան:
Թե իրականում ո՞ւմ աչքերին է Թուրքիան փորձում թոզ փչել՝ կատարելով զավեշտալի բացահատումներ, Orer.am-ը ճշտեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցից: «Այդ բացահայտումներն արվում են հապճեպ, որպեսզի ապացուցվի, թե իբր Թուրքիան որեւէ կապ չունի «Իսլամական պետության» հետ: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը բացահայտ հայտարարում է, որ երբ իսլամիստները փորձում են նահանջել, նրանք անխոչընդոտ են անցնում Թուրքիայի սահմանով, իսկ դա հնարավոր չէ, եթե տվյալ երկրի իշխանությունները չեն համագործակցում «Իսլամական պետության» հետ: Սա ապացույց է, որից Թուրքիան չի կարող փախչել, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ սահմանը փակելն իշխանության իրավասությունն է, իսկ եթե ծայրահեղականները կարողանում են շատ հանգիստ անցնել Սիրիա եւ վերադառնալ, ապա դա վկայում է Թուրքիայի ողջ իշխանական համակարգի եւ ԻՊ-ի համագործակցության մասին: Այստեղից կարող ենք ասել, որ ԻՊ-ի ձեռքերով Թուրքիան է պատերազմում Սիրիայում՝ փորձելով հայաթափել տարածքը»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, թե Թուրքիան այս քայլով գնում է մեծ ռիսկերի, քանի որ կարող է հայտնվել այն պետությունների շարքում, որոնք չեն ցանկանում խոստովանել, որ ԻՊ-ը եւ նման կազմակերպությունները զուտ ահաբեկչական ցանց են, որոնք ստեղծվել կամ հովանավորվել են Թուրքիայի կողմից: «Թուրքիան չի խոստովանում, քանի որ առաջ է գալիս ՄԱԿ-ի մակարդակով պատասխանատվություն կրելու հարցը: Եթե թեկուզ մեկ երկրի կողմից հայտարարվի, որ Թուրքիան ահաբեկիչների է հովանավորում, ապա նրա դեմ պատժամիջոցներ կսկսեն կիրառել»,- ասաց նա:
Անդրադառնալով թուրքական իշխանության հերթական խաղերին՝ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում հանրահավաքից առաջ երկու պայթյունին եւ պատասխանելով հարցին, թե ում դեմ էր ուղղված ահաբեկչական այդ քայլը քաղաքագետը պատասխանեց. «Անկարայում ամսի 10-ին իրականացված ահաբեկչական ակտը բացեիբաց ուղղված էր հենց քրդերի եւ հայերի դեմ, քանի որ ցուցարարների մեծ մասը եղել են հայեր եւ քրդեր: Բնականաբար, դա արվել է վախեցնելու համար, որպեսզի հավաքված զանգվածն ու ոտքի կանգնողներն ավելի զուսպ պահեն իրենց»:
Քաղաքագետը կարծում է, որ թուրքերի ձեռագիրը մինչ օրս մնում է նույնը՝ նրանք հայաթափության ծրագիր են իրականացնում ոչ միայն Թուրքիայում, այլեւս Սիրիայում: «Սիրիայի հայերը, որոնք այսօր մարտընչում են, շատ լավ են բնութագրում այդ պատերազմի իրական իմաստը, նրանք չեն ասում՝ մենք պայքարում ենք «Իսլամական պետության» դեմ, ասում են, որ մենք կռվում ենք թուրքերի դեմ: Մարդիկ այդ մտքին են եկել, քանի որ իրենք ապրում են սահմանի գլխին եւ շատ լավ են տեսնում, թե որտեղից են գալիս ահաբեկիչները, ովքեր եւ ինչով են են իրենց օժանդակում: Ընդամենը հեռադիտակ է պետք, որպեսզի հետեւես ու հասկանաս, թե ինչ է տեղի ունենում: Այս պարագայում, բնականաբար, սիրիահայերի համար դա նույն 15 թիվն է»,- նշեց նա:
Սոսե Չանդոյան