Սահակաշվիլին՝ Ուկրաինայի նոր իշխանության օրոք ստվերային տնտեսության աճի մասին
Международные новостиՕդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Ուկրաինայում ստվերային տնտեսությունը ոչ միայն չի նվազել, այլեւ աճել է:
«Ես ամբողջ քաղաքականության կտրուկ փոփոխության կողմնակից եմ՝ այդ ստվերային համակարգն ամբողջությամբ փոխելու համար: Արժանապատվության հեղափոխությունից հետո ստվերային տնտեսությունն աճել է՝ 32-ից հասնելով 48%-ի: Յանուկովիչի օրոք մեզ մոտ ստվերային տնտեսությունն ավելի պակաս չափերի էր հասնում, քան հիմա: Դա սարսափելի է»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Նրա կարծիքով, Ուկրաինայի կառավարության մակարդակով նոր ստվերային սխեմաներ են մշակվել: Սահակաշվիլին նաեւ հերքել է իրեն վերագրվող հայտարարությունն այն մասին, որ Արսենի Յացենյուկի կառավարությունն է գլխավորում կոռուպցիան:
«Ես չեմ ասել, որ կառավարությունն է գլխավորում կոռուպցիան, ես ասել եմ, որ Ուկրաինայում զուգահեռ կառավարություն կա, որ ստվերային ֆիգուրներն են որոշումներ ընդունում, որ գոյություն ունեն հսկայական պետական սեկտոր, պետական ձեռնարկություններ, որոնք միլիարդավոր դոլարներ են ստեղծում, սակայն նրանց եկամուտը չի հասնում պետությանը, այլ մտնում է ստվերային քաղաքական իշխանության գրպանը»,- հայտարարել է Սահակաշվիլին: