Շուլց. Սահմաններին արգելապատնեշները չեն կանգնեցնի փախստականներին
Международные новостиՍահմաններին արգելապատնեշների կառուցումը չի կանգնեցնի Եվրամիություն ձգտող փախստականների հոսքը: Այս մասին հայտարարել է Միգրացիայի հարցով ԵՄ արտահերթ գագաթաժողովին ժամանած Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Արգելապատնեշները կառուցվում են, սակայն մարդիկ շարունակում են այլ ուղիներ փնտրել: Ոչ մի արգելապատնեշ չի կանգնեցնի նրանց, ովքեր փախչում են «Իսլամական պետություն»-ից եւ մարտական գործողություններից»,- ասել է նա:
Շուլցի կարծիքով, այս հարցում ջանքերի «լավագույն համակարգում է հարկավոր»՝ ուղղված ճգնաժամի լուծմանը: Սակայն դրան դժվար կլինի հասնել, «եթե ճգնաժամին առնչված երկրներն ու հարեւան Բալկանյան պետությունները կառուցողական համագործակցություն չսկսեն»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, 2015 թվականի առաջին 9 ամիսներին, Frontex եվրոպական սահմանային գործակալության տվյալներով, ԵՄ անդամ երկրներ են ժամանել ավելի քան 710 հազար փախստականներ, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը: