Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դեմ կռվող քրդերի դիրքերին
Международные новостиԹուրքիայի սահմանին մոտ Թել Աբյադ քաղաքը սիրիացի քրդերի Դեմոկրատական միասնություն կուսակցության (PYD) զինյալների կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ազատագրելու հետ կապված իր անհանգստությունը չթաքցնող Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել PYD-ի դեմ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Անատոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այդ առնչությամբ հայտարարել է, որ «Թուրքիան թույլ չի PYD-ին մոտենալ իր սահմաններին, եւ իր սահմանն ու ճակատագիրը երբեք չի վստահի որեւէ երկրի»:
«Մենք երկու անգամ հարվածել ենք PYD-ին: Ասել ենք, որ PYD-ն չպետք է անցնի Եփրատի աջ ափ, եւ եթե անցնի, խփելու ենք, ինչն էր արել ենք»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ «Անկարան Սիրիայի հյուսիսը չի զոհելու որեւէ մեկին»: Նույն օրը Թուրքիայի զինված ուժերը ժամը 19-21-ի միջեւ եւ հոկտեմբերի 25-ին ժամը 02-04-ի միջեւ A4 եւ MG3 զենքերից ռմբակոծել են PYD-ի դիրքերը:
Քրդերի կողմից վերահսկվող սիրիական Քոբանի նահանգի փոխարտգործնախարար Իդրիս Նասսանն այդ առնչությամբ հայտարարել է. «Մենք Թուրքիայի համար վտանգ չենք ստեղծում: Բայց չենք էլ ընդունի, որ Թուրքիայի սահմանից գնդակներ տեղան: Ինչպես մենք, Թուրքիան եւս պետք է միանա ԻՊ-ի դեմ կոալիցիային: Քրդական խնդրի լուծման ամենալավ ճանապարհը դիվանագիտական եւ քաղաքական լուծումն է: Զենքերը պետք է լռեն, կողմերը երկխոսեն»:
Անցյալ շաբաթ Թել Աբյադ քաղաքը ԻՊ-ից գրավելուց հետո սիրիացի քրդերը հայտարարել են, որ Թուրքիայի հետ Սիրիայի սահմանում քրդական ինքնապաշտպանական ջոկատների վերահսկողության տակ քրդական նոր նահանգ է ստեղծվում:
Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայում քրդական նահանգի ստեղծումը Թուրքիայի համար սպառնալիք է անվանել` նշելով, որ Անկարան այդ քայլն ընկալում է որպես սեփական անվտանգությանն ուղղված սպառնալիք:
«Սիրիական Թել-Աբյադ քաղաքում իրավիճակը, որտեղ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը հայտարարել է ինքնավարության հիմունքներով կազմավորման մասին, սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքով` «Բոլորը պետք է գիտակցեն, որ Անկարան այդ հայտարարությանը կարձագանքի այնպես, ինչպես դա անհրաժեշտ է»:
Թուրքիան երկյուղում է, որ Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության առկայության պայմաններում Սիրիայի հյուսիսում եւս քրդական ինքնավարության ստեղծումը կարող է անխուսափելի դարձնել Թուրքիայի քրդաբնակ արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում եւս քրդական ինքնավարության ստեղծումը:
Ներկայում Սիրիայում գործում է 16 սիրիական քրդական կուսակցություններից կազմված Քրդական ազգային խորհուրդ, որն ստեղծվել է 2011 թվականի հոկտեմբերի 26-ին իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի աջակցությամբ: Կազմակերպության ղեկավարը Աբդուլ Հաքիմ Բաշարն է: Քրդական ազգային խորհուրդը ցանկանում է Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծել:
Սիրիայում գործում է նաեւ 2003 թվականին ստեղծված եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) hետ սերտ կապեր ունեցող քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, որը նույնպես լիիրավ քրդական ինքնավարություն ստեղծելու կողմնակից է: