Ադրբեջանի ԱԱՆ գործով 15 մարդ է ձերբակալվել
Международные новостиԱդրբեջանի ազգային անվտանգության նախկին աշախատակիցների նկատմամբ սկսված քրեական գործով արդեն 15 մարդ է ձերբակալվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը` նշելով, որ եւս մի քանի մարդու արգելել են լքել Ադրբեջանի սահմանները:
ԱԱՆ աշխատակիցներիվ բացի, ձերբակալվածների մեջ են նաեւ Կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության նախկին աշխատակիցներ, որոնք կասկածվում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում նախագահի եւ նրա ընտանիքի անդամների հեռախոսների գաղտնալսման մեջ:
Բոլոր ձերբակալվածները պահվում են արդարադատության նախարարության Բաքվի հետաքննչական թիվ 1 մեկուսարանում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով հոկտեմբերի 17-ին երկրի Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովն անակնկալ կերպով պաշտոնանկ է արվել, որից անմիջապես հետո ԱԱՆ-ում կադրային ջարդ է սկսվել, ինչը դեռ շարունակվում է:
Անդրադառնալով Էլդար Մահմուդովին աշխատանքից հեռացնելու պատճառին, մասնավորապես moderator.az կայքը գրել էր, որ գլխավորապես դա կապված է այն բանի հետ, որ ձերբակալված աշխատակիցները Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ գաղտնալսել են Ադրբեջանի նախագահի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իշխանության բարձրաստիճան անձանց եւ նրանց ընտանիքների հեռախոսային խոսակցությունները, ինչը, սովորաբար արվում է երկրում «հեղաշրջում» իրականացնելուց առաջ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ԱԱՆ-ը 11 տարի ղեկավարած Էլդար Մահմուդովի պաշտոնանկության հնարավոր պատճառներից են համարում նաեւ երկրի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի հետ կոռուպցիոն կապերը, սեփական ապօրինի բիզնեսները եւ այլն:
«Ազադլըգ» թերթն էլ գրել է, որ «բոլոր դեպքերում, ԱԱՆ երկարամյա ղեկավարին «հարվածելը» ցույց է տալիս, որ իշխանության ներսում խարդավանքներն ուժգնանում են, եւ ներիշխանական խմբավորումների միջեւ պայքարը հասել է գագաթակետին»: