Ադրբեջանի ԱԱՆ ռազմական հակահետախուզության նոր ղեկավար է նշանակվել
Международные новостиԱդրբեջանի ազգային անվտանգության նախարարության ռազմական հակահետախուզության վարչության պետ է նշանակվել գեներալ-մայոր Հաֆիզ Մուսաեւը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lent.az լրատվական կայքը:
Մինչ այդ Հաֆիզ Մուսաեւը զբաղեցնում էր նույն վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Ադրբեջանի ԱԱՆ ղեկավարի պաշտոնակատար Մադաթ Գուլիեւի հրամանագրով երեկ այդ պաշտոնից հեռացվել էր գեներալ Նիզամի Շիրինովը:
Նիզամի Շիրինովը եղել է նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով հոկտեմբերի 17-ին խայտառակ կերպով պաշտոնանկ արված ԱԱՆ նախկին նախարար Էլդար Մահմուդովի վստահելի կադրերից մեկը:
Առաջին իսկ աշխատանքային օրը Նիզամի Շիրինովը պաշտոններից հեռացրել էր ԱԱՆ 69 փորձառու աշխատակիցների: Նշվում է, որ Նիզամի Շիրինովի պաշտոնանկության պատճառը եղել է լիազորությունների չարաշահումը:
Ադրբեջանի ԱԱ նախկին նախարար Էլդար Մահմուդովի խայտառակ պաշտոնանկությունից անմիջապես հետո նախարարության աշխատակիցների նկատմամբ սկսված քրեական գործով արդեն 15 մարդ է ձերբակալվել:
Նախօրեին զբաղեցրած պաշտոններից հեռացվել էին ԱԱՆ 9 բարձրաստիճան աշխատակիցներ, այդ թվում` եւս 4 գեներալ:
ԱԱՆ աշխատակիցներին զուգահեռ, ձերբակալվածների մեջ են նաեւ Կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության նախկին աշխատակիցներ, որոնք կասկածվում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում նախագահի եւ նրա ընտանիքի անդամների հեռախոսների գաղտնալսման մեջ:
Բոլոր ձերբակալվածները պահվում են արդարադատության նախարարության Բաքվի հետաքննչական թիվ 1 մեկուսարանում:
Անդրադառնալով Էլդար Մահմուդովին աշխատանքից հեռացվելու պատճառին, մասնավորապես moderator.az կայքը գրել էր, որ գլխավորապես դա կապված է այն բանի հետ, որ ձերբակալված աշխատակիցները Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ լսել են Ադրբեջանի նախագահի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իշխանության բարձրաստիճան անձանց եւ նրանց ընտանիքների հեռախոսային խոսակցությունները, ինչը, սովորաբար արվում է երկրում «հեղաշրջում» իրականացնելուց առաջ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ԱԱՆ-ը 11 տարի ղեկավարած Էլդար Մահմուդովի պաշտոնանկության հնարավոր պատճառներից են համարում նաեւ երկրի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի հետ կոռուպցիոն կապերը, սեփական ապօրինի բիզնեսները եւ այլն:
«Ազադլըգ» թերթն էլ գրել է, որ «բոլոր դեպքերում, ԱԱՆ երկարամյա ղեկավարին «հարվածելը» ցույց է տալիս, որ իշխանության ներսում խարդավանքներն ուժգնանում են, եւ ներիշխանական խմբավորումների միջեւ պայքարը հասել է գագաթակետին»: