Հորդանանի սահմանի մերձակայքում ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել
Международные новостиՍիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը Հորդանանին սահմանակից Մազիրիբ գյուղաքաղաքի արևմուտքում ահաբեկչական մի ամբողջ խմբավորում է ոչնչացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, վերջերս Հորդանանի սահմանի մերձակայքում գործող հարյուրավոր ահաբեկիչներ, ովքեր անհաջողություններ են գրանցել սիրիական բանակի դեմ պայքարում, փախուստի են դիմել: Սիրիական բանակը բնակիչների օգնությամբ մեծ վնասներ է հասցրել «Ասիֆա ալ Ջանուբ» խմբավորմանը` ոչնչացնեով ավելի քան հազար ահաբեկիչների:
Բանակի ստորաբաժանումներից մեկը նախօրեին ահաբեկչական խմբավորման թաքստոց ու հավաքատեղիներ է ոչնչացրել Դարաայի շրջանում, մասնավորապես, Խարբա Ղազալա և Օթման բնակավայրերի մերձակայքում: Դամասկոսի մերձակայքում սիրիական բանակայիններն ինն ահաբեկիչ են ոչնչացրել: Նրանք պատկանել են «Ալ Իթթիհադ ալ Իսլամի աջանիդ աշ Շամ» խմբավորմանը:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: