Դամասկոսի մերձակայքում 40 մարդ է զոհվել ռմբակոծության հետևանքով
Международные новостиԴամասկոսի արվարձանում սիրիական կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով նվազագույնը 40 մարդ զոհվել, շուրջ 100-ը` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է ara.reuters.com կայքը, այս մասին հոկտեմբերի 30-ին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը` նշելով, որ 12 հրթիռ ընկել են Դամասկոսից 15 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Դումա արվարձանում:
Վերջին ամիսների ընթացքում Դուման հայտնվում է ռմբակոծությունների թիրախում: Սիրիական բանակը հայտարարել է, որ իր հարձակումներն ուղղված են զինված ընդդիմադիր խմբավորումների դեմ, որոնք հարձակումներ են իրականացնում մոտակայքում կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Դումայի բնակիչներից շատերը փախուստի են դիմել ստեղծված իրավիճակի պատճառով` տեղափոխվելով մերձակա գյուղերը:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: