A321-ի կործանումից զոհվածների մարմիններով առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Պետերբուրգում
Международные новостиԵգիպտոսում ավիաաղետից զոհվածների մարմինները փոխադրող ԻԼ-76 SUM9706 ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Օդանավը վայրէջք է կատարել նոյեմբերի 2-ին Մոսկվայի ժամանակով ժամը 05:52-ին:
Ինչպես լրագրողների համար ճշտել է արտակարգ իրավիճակների նախարարության Սանկտ Պետերբուրգի վարչության մամուլի ծառայության պետ Իգոր Ուլուբիկովը, զոհվածների մարմիններով հաջորդ ինքնաթիռը կարող է «Պուլկովո» ժամանել նոյեմբերի 2-ի երեկոյան:
Զոհվածների ճանաչման ընթացակարգն ացկացվելու է Պետերբուրգում:
«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Եգիպտոսի իշխանությունների հայտարարության համաձայն՝ ոչ ոք չի փրկվել:
Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի:
Իրազեկ աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ինքնաթիռը գետնին է ընկել շրջված վիճակում: Նա նաեւ ճշտել է, որ անձնակազմը, հակառակ սկզբնական վարկածին, դիսպեչերներին չի հայտնել տեխնիկական անսարքությունների մասին:
Նոյեմբերի 2-ին մասնագետները կվերլուծեն օդանավի պահպանված ինքնագրիչների վիճակը եւ կփորձեն դրանց տվյալների օգնությամբ վերականգնել աղետի հանգեցրած իրադարձությունների շղթան: