Ադրբեջանում բնակչությունը Ալիեւի հայտարարած բարեփոխումները նմանակում է համարում
Международные новостиԱդրբեջանում բնակչության 65 տոկոսը երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից իրականացվող խիստ բարեփոխումները նմանակում է համարում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման եզրակացության է հանգել minval.az լրատվական կայքը` իր կողմից անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում:
Այն հարցին, թե Ադրբեջանի ղեկավարությունն այնքան քաղաՔական ԿԱՄՔ կդրսեւորի՞ արդյոք, որպեսզի սկսած խիստ բարեփոխումներն ավարտին հասցնի, հարցվածների 65 (590 մարդ) տոկոսը պատասխանել է. «Ոչ, ամբողջ տեղի ունեցողը միայն նմանակում է»:
Հարցվածների 26 տոկոսը (232 մարդ) հայտարարել է, որ «այո, իշխանությունները հասկանում են իրավիճակի լրջությունը»:
85 մարդ, կամ 9 տոկոսը ազնվորեն խոստովանել Է. «Դժվարանում եմ պատասխանել»: Հարցմանը մասնակցել է 907 մարդ:
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի խայտառակ պաշտոնանկությունից անմիջապես հետո նախարարության աշխատակիցների նկատմամբ սկսված քրեական գործով արդեն 15 մարդ է ձերբակալվել:
Օրերս զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱԱՆ 9 բարձրաստիճան աշխատակիցներ, այդ թվում` եւս 4 գեներալ:
ԱԱՆ աշխատակիցներին զուգահեռ, ձերբակալվածների մեջ են նաեւ Կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներ, որոնք կասկածվում են ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում նախագահի եւ նրա ընտանիքի անդամների հեռախոսների գաղտնալսման մեջ, ինչը սովորաբար արվում է երկրում «հեղաշրջում» իրականացվելուց առաջ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ԱԱՆ-ը 11 տարի ղեկավարած Էլդար Մահմուդովի պաշտոնանկության հնարավոր պատճառներից են համարում նաեւ երկրի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի հետ կոռուպցիոն կապերը, սեփական ապօրինի բիզնեսները եւ այլն:
«Ազադլըգ» թերթն էլ գրել է, որ «բոլոր դեպքերում, ԱԱՆ երկարամյա ղեկավարին «հարվածելը» ցույց է տալիս, որ իշխանության ներսում խարդավանքներն ուժգնանում են» եւ ներիշխանական խմբավորումների միջեւ պայքարը հասել է գագաթակետին»: