ԵՄ-ն Մալթայում մեկի փոխարեն երկու գագաթնաժողով կանցկացնի միգրացիայի խնդրի շուրջ. Տուսկ
Международные новостиԵվրամիությունը նոյեմբերի 11-12-ին Մալթայում երկու գագաթնաժողով կանցկացնի միգրացիայի խնդրի շուրջ՝ պլանավորված մեկի փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Եթե մենք ցանկանում ենք խուսափել վատթարագույնից, պետք է արագ գործենք: Ուստի ես որոշեցի հրավիրել ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Վալետայում կայանալիք գագաթնաժողովից անմիջապես հետո»,- ասված է նրա հայտարարության մեջ: Տուսկի խոսքով՝ «հանդիպման նպատակը կդառնա նախ եւ առաջ ընդունված միջոցների իրագործման գնահատումը»:
«Իրադրությունը դեռեւս շատ լուրջ է ինչպես Եվրոպայում, այնպես էլ տարածաշրջանում: Հոկտեմբերին Միջերկրական ծովը հատել են ռեկորդային 218 հազար միգրանտներ»,- ընդգծել է Տուսկը:
Մալթայի մայրաքաղաք Վալետայում նոյեմբերի 11-12-ին պետք է կայանա ԵՄ-ի եւ աֆրիկյան երկրների գագաթնաժողովը՝ նվիրված միգրացիոն ճգնաժամին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: