Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է իրաքյան Քուրդիստանի առաջնորդի հետ
Международные новостиԹուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Էրբիլում հանդիպել է իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ հաղթանակել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, Մերձավոր Արեւելքում, հատկապես` Սիրիայում ընթացող զարգացումների ֆոնին, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում սիրիացի քրդերը հաջողություններ են գրանցում, դա այդ երկրի արտգործնախարարի առաջին այցն է արտասահման:
Մամուլի համար փակ անցկացված հանդիպման ժամանակ տարածաշրջանում զարգացումների հետ հետ միասին կողմերը քննարկել են Թուրքիա-իրաքյան Քուրդիստան հարաբերությունները:
Անցած գիշեր մասնավոր ինքնաթիռով անակնկալ կերպով Էրբիլ ժամանած Սինիրլիօղլուն հանդիպել է նաեւ իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի եւ իշխող «Քուրդիստանի հայրենասերների միություն» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Բերհամ Սալիհի հետ: