Ադրբեջանի ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է
Международные новостиՄարդու իրավունքների կազմակերպությունների Human Rights House Network միջազգային ցանցը հայտարարել է, որ Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է:
Ինչպես հաղորդում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, ցանցը հայտնում է, որ Ադրբեջանի իշխանությունը երկրում ընդդիմությանն արդյունավետ կերպով լռեցնելու պես չկարողացավ լռեցնել եւ հսկողության տակ առնել ԵԽԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելությանը:
Փաստաթղթում ասվում է, որ ընտրություններում Իլհամ Ալիեւի «Ենի Ազերբայջան» կուսակցությունը խորհրդարանում ստացել է տեղերի մեծամասնությունը, մյուս տեղերն էլ բաժանվել են համակիր կուսակցությունների միջեւ, եւ դա տեղի է ունեցել ընտրություններըն ընդդիմության կողմից բոյկոտվելու ու քվերակության արդյունքները համընդհանուր կերպով կեղծվելու մասին ժողովրդավար ուժերի «Ազգային Խորհուրդ» միավորման տեղեկացնելու պայմաններում:
Ցանցի ներկայացուցիչ Ֆլորիան Իրմինգերն Ադրբեջանում անցկացված ընտրությունների մեկնաբանության մեջ նշել է, որ իրենց հնարավորություն չի տրվել հետազոտել «լավ փաստաթղթված բռնաճնշումները, մարդու իրավունքների խախտումները, թեկնածուների գրանցման գործում սահմանափակումները եւ այդ արդյունքներին հանգեցրած զանգվածային կեղծումները», եւ որ «Ադրբեջանում քաղաքական ազատությունների, արտահայտվելու եւ մամուլի ազատության, հավաքվելու ազատության հետ կապված իրավիճակը հնարավորություն չի ստեղծել ազատ եւ արդարացի ընտրություննյեր անցկացնելու hամար»:
«Այն, որ ԵԽԽՎ առաքելության երեք անդամներ` Գերմանիայից Ուտե Ֆինկհ Կրամերը եւ Ֆրանկ Շվաբեն, Իռլանդիայից Մայքլ Մակնամարան առանձին հայտարարությամբ հայտնել են, որ չեն կարող ընտրությունները գնահատել «ազատ, արդար եւ դեմոկրատական ընտրությունների ուղղությամբ դեպի առաջ քայլ», արդեն հնարավորություն է ստեղծում, որպեսզի ԵԽԽՎ անդամները, կառույցում Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության համար, հիմք ընդունելով նրանց ոչ ազատ եւ անարդար պայմաններում ընտրվելը, 2016 թվականին չընդունեն նրանց հավատարմագրերը», -նշել է Իրմինգերը:
Կառույցը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ում առկա սկզբունքային ձայները կկարողանան ճնշում գործադրել Ադրբեջանի վրա քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ բռնաճնշումների մթնոլորտը երկրում վերացնելու համար:
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը` 125-տեղանոց խորհրդարանում իր համար պահովելով 71 պատգամավորական աթոռ:
Ադրբեջանում անցկացված ընտրություններին ոչ մի նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել:
Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ, հայտարարել է, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դա Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, եւ որ ինքը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները:
Այդ մասին, առանձին հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը եւ Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը:
Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել:
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Ադրբեջանի իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների պատճառով հրաժարվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների դիտորդությունից: Նման որոշում էր ընդունել նաեւ Եվրոպայի Խորհրդարանը: