ԵՄ-ն ամենամյա զեկույցում քննադատել է Թուրքիայում հիմնարար իրավունքների սահմանափակումները
Международные новостиԵվրամիությունը հրապարակել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջընթացի զեկույցը, որում խստորեն քննադատել է մարդու իրավունքների և ժողովրդավարական չափանիշների հարցում ունեցած լրջագույն թերությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Զեկույցում նշվում է, որ քաղաքական հարցերում «բարեփոխումների տեմպերը դանդաղեցված են», իսկ որոշ առանցքային օրենսդրական կարգավորումներ «դեմ են եվրոպական չափանիշներին»: ԵՄ-ն փաստել է, որ լրջագույն թերություններ կան մարդու իրավունքների և խոսքի ազատության ապահովման հարցերում:
ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով բարձրագույն հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում շատ առարկայական թերություններ ազդել են դատական իշխանության անկախության, ինչպես նաև ազատ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքների վրա: Նա հատկապես ընդգծել է լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող ճնշումներն ու սպառնալիքները:
ԵՄ զեկույցում նշվում է, որ եվրոպական չափանիշներին մոտենալու փոխարեն Թուրքիայում կա զգալի հետընթաց խոսքի և հավաքներ անցկացնելու ազատության հարցում:
Զեկույցի հրապարակումը միտումնավոր հետաձգվել էր՝ կապված Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: