Ադրբեջանական կայքի օգտատերերի 74 տոկոսը խորհրդարանական ընտրությունները կեղծված է համարել
Международные новостиԱդրբեջանական Minval.az լրատվական կայքի կողմից անցկացված` «Գտնու՞մ եք, որ ընտրությունները կեղծվել են» հարցման արդյունքներով պարզ է դարձել, որ կայքի 691 օգտատերերի 74 տոկոսը (513 հոգի) նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համարել է կեղծված: Հարցվածների 16 տոկոսը համարել են, որ անցած ընտրություններն օրինական են եղել, իսկ մանացածները պատասխանել են` «չգիտեմ»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դրա հետ միասին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պաշտպանության կոմիտեի կողմից Հելսինկյան քաղաքական վեհաժողովի ադրբեջանական ազգային կոմիտեւում նոյեմբերի 10-ին «Ընտրությունների տարում մարդու իրավունքների դրություն» թեմայով անցկացված կլոր սեղանի ժամանակ կառույցի ղեկավար Արզու Աբդուլլաեւան նշել է վերջին 10 տարում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ իրավիճակի անշեղորեն վատացման մասին:
Նրա խոսքով` Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համար իրադրությունը աղետալի է դարձել. ձերբակալվել են առաջատար իրավապաշտպաններ, ՀԿ-ների ոլորտում սահմանափակող օրենքներ են ընդունվել, կազմկակերպվում են զանգվածային ստուգումներ, ինչպես նաեւ սառեցվում են ՀԿ-ների բանկային հաշիվները:
Ըստ Արզու Աբդուլլաեւայի` օրենքի խախտումներով ուղեկցված եւ մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումների ու մեծ թվով քաղբանտարկյալներկ առկայության ֆոնին կայացած խորհրդարանական ընտրությունները «չեն կարող արդար եւ ազատ համարվել եւ անդրադարձնել ժողովրդի կամքը»:
Դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Աքիֆ Գուրբանովն էլ նշելով, որ 2003 թվականից հետո (Իլհամ Ալիեւի Ադրբեջանի նախագահ դառնալուց հետո) ընտրական օրենսդրությունը փոխվել է 17 անգամ, մտցվել է 200 ուղղում, հայտարարել է, որ արդյունքում սահմանափակվել են ընտրական արշավների ժամկետները, թեկնածուների իրավունքները, ինչպես նաեւ նեղացվել են ընտրություններում իրավունքների խախտումները բողոքարկելու հնարավորությունները:
Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին չհամապատասխանող եւ կեղծված է համարել նաեւ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը:
Ադրբեջանում անցկացված ընտրություններում ոչ մի նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել:
Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ հայտարարել են, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դա Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, եւ որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Այդ մասին, առանձին հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը եւ Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը:
Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել:
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Ադրբեջանի իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների պատճառով հրաժարվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների դիտորդությունից: Նման որոշում էր ընդունել նաեւ Եվրոպայի Խորհրդարանը:
Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանակն ընտրությունների` ԿԸՀ կողմից հրապարակված նախնական արդյունքներով հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը` խորհրդարանում ստանալով 125 պատգամավորական տեղերից 71-ը: