Լավրովը եւ Զարիֆը կարեւորել են ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի կառավարության եւ ընդդիմության երկխոսությունը
Международные новостиՌուսաստանի Դաշնության եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավովը եւ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 11-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) իրադրությունը «Սիրիայի աջակցության խմբի»՝ նոյեմբերի 14-ին Վիեննայում կայանալիք հանդիպման նախաշեմին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:
«Ընդգծվել Է, որ երկխոսությունը, ինչպես դա նախատեսված Է մասնակից երկրների՝ հոկտեմբերի 30-ին Վիեննայում ընդունված հայտարարության մեջ, պետք Է իրականացվի ՄԱԿ-ի հովանու ներքո ՍԱՀ-ի կառավարության եւ սիրիական ընդդիմության ներկայացուցչական պատվիրակության միջեւ, իսկ արտաքին «խաղորդները», ներառյալ «Սիրիայի աջակցության խումբը» պետք Է կողմերին օգնեն հասնելու համաձայնության, այլ ոչ թե նենգափոխեն միջսիրիական բանակցությունները եւ չփորձեն կանխորոշել դրանց արդյունքները»,- նշել են ՌԴ-ի ԱԳ նախարարությունում:
Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, զրույցը կայացել Է ռուսական կողմի նախաձեռնությամբ: