Ադրբեջանում աշխատավարձեր չվճարելը զանգվածային է դարձել
Международные новостиԱդրբեջանում պետական եւ մասնավոր հատվածներում աշխատավարձերի չվճարման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել, ինչը կապված է նավթի համաշխարհային գների նվազման պատճառով Ադրբեջանի պետբյուջեում առաջացած մեծ պակասորդի հետ:
Ինչպես հաղորդում է ANS հեռուստաալիքը, աշխատավարձերն ուշացվելու հետ կապված` Բաքվում Բինագադիի շրջանի գործադիր իշխանության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են անցկացրել շենքերի սինթետիկ սալիկներով երեսպատման աշխատանքներ իրականացնող մի խումբ բանվորներ:
Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ չնայած բոլոր աշխատանքներն իրենք վաղուց ավարտել են, սակայն, արդեն վեց ամիս է չեն կարողանում ստանալ հասանելիք աշխատավարձը:
«Մեզ սնում են խոստումներով` արդեն վեց ամիս ուշացնելով մեր աշխատավարձը: Մեր աշխղեկն ասում է, թե աշխատանքների պատվիրատուն Բինագադիի շրջանի գործադիր իշխանությունն է, որը հետո հրաժարվել է վճարել», -հեռուստաալիքին պատմել է բանվոր Էլչին Մահմուդովը:
Աշխատավարձերն ուշացվելու հետ կապված օրեր առաջ Բաքվում զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել «Ազերյոլսերվիս», «Ազերսու» պետական ընկերությունների աշխատակիցները: Աշխատավարձերի ուշացման բազմաթիվ դեպքեր են տեղի ունենում Ադրբեջանի կրթության նախարարության համակարգի հաստատություններում, հատկապես, շրջանների դպրոցներում:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություններ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների տվյալներով` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, երկրի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետ բյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 42 դոլարով ցածր է: