Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի ձերբակալված լրագրողը եւս մեկ հեղինակավոր պարգեւի է արժանացել
Международные новости8 տարվա ազատազրկման դատապարտված «Ազատություն» ռադիոկայանի լրագրող-հետազոտող Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային հեղինանակավոր Alison Des Forges պարգեւի: Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Մյունխենում նոյեմբերի 11-ին:
Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ այդ պարգեւի համար Խադիջա Իսմայիլովայի թեկնածությունը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում նրա «անսովոր ակտիվության համար» ներկայացրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Alison Des Forges պարգեւը տրվում է ուրիշների իրավունքները եւ արժանապատվությունն իրենց կյանքի հաշվին պաշտպանող անձանց:
Պարգեւը կրում է 2009 թվականին ինքնաթիռի աղոտից զոհված մարդու իրավունքների ակտիվիստ, երկար ժամանակ human Rights Watch կազմակերպության գլխավոր խորհրդատու Ալիսոն Դես Ֆորգեսինի անունը:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սկզբում «ինքնասպանության հասցնելու» մեղադրանք, իսկ հետո «խոշոր չափերի յուրացում եւ զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներ են առաջադրվել:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:
Խադիջա Իսմայիլովան արժանացել է նաեւ ԱՄՆ-ի Ազգային մամուլի ակումբի Մամուլի ազատության, միջազգային «PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն» եւ Շվեդիայի ազգային մամուլի ակումբի «Աննա Պոլիտկովսկայա խոսքի ազատություն» պարգեւներին: