Մեծ Բրիտանիան Թուրքիային 400 մլն եվրո է առաջարկել փախստականների համար
Международные новостиՄեծ Բրիտանիան մտադիր է օգնել Թուրքիային փախստականների հոսքը զսպելու գործում, ինչի համար Անկարային 400 մլն եվրո է առաջարկել:
Ինչպես հաղորդում է The Guardian թերթը, այս մասին Մալթայում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնը:
Թերթը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության միակ երկիրն է, որը ֆինանսական աջակցություն է առաջարկել Թուրքիային Սիրիայից փախստականների հոսքը զսպելու համար:
Մալթայի Վալետա քաղաքում ԵՄ առաջնորդները գործընկերների հետ քննարկել են աֆրիկյան երկրներում ներկայիս միգրացիոն ճգնաժամը: Ծրագրվում է, որ միգրացիայի գծով առաջիկա գագաթնաժողովում ԵՄ-ն Թուրքիայի հետ կհամաձայնեցնի գործողությունների ընդհանուր պլանը, որը ենթադրում է ԵՄ կողմից երեք միլիարդ եվրո կազմող ֆինանսական օգնություն Թուրքիային, այդ երկրի` ԵՄ-ին անդամակցության բանակցությունների ակտիվացում եւ մուտքի արտոնագրերի արագացված չեղարկում:
Թուրքիան իր հերթին պետք է օգնի պաշտպանել համատեղ սահմանը, բարելավել երկրում փախստականների բնակության պայմանները, կանխել իր տարածքից ԵՄ միգրանտների հոսքը եւ հետ վերադարձնել Թուրքիայից ԵՄ թափանցած ապօրինի գաղթականներին:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եվրոպային փախստականների հարցում «անտարբերության» համար` նշելով, որ ներկայում իր երկրի տարածքում 2,2 մլն սիրիացի փախստականներ կան:
Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը Եվրոպային մեղադրել է Սիրիացի փախստականներին Էգեյան ծովում «մահվան դատապարտելու» մեջ` դրանով ակնարկելով արագացնել փախստականներին Թուրքիայում պահելու համար ԵՄ կողմից առաջարկվող ֆինանսական օգնության տրամադրումը: