ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին
Международные новостиԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունել է ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսին կալանքից ազատելու` Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշումը:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, այդ առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ Քերին նշել է. «Հայտնի պատմաբան եւ իրավապաշտպան Արիֆ Յունուսի բանտարկությունը տնային կալանքով փոխարինելու` Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշումն ԱՄՆ-ը դիտարկում է որպես դրական քայլ: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կառավարությունը նման կերպ կվարվի նաեւ այլ բանտարկյալների հետ, որոնք առողջական խնդիրներ ունեն»:
Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 12-ի նիստում Արիֆ Յունուսի խափանման միջոցը փոխարինել է երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ:
Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների համաձայն` ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալ կա:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 2015 թվականի օգոստոսի 13-ին Արիֆ Յունուսին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, իսկ նրա կնոջը` Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին, 8,5 տարվա ազատազրկման:
Արիֆ Յունուսը մեղադրվում է պետական դավաճանության եւ խարդախության, իսկ Լեյլա Յունուսը` պետական դավաճանության, պետությանը խոշոր վնաս պատճառելու, խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեջ: Դատարանի վճռով առգրավվել է նրանց ունեցվածքը, իսկ բանկային հաշիվներից փողերը փոխանցվել են պետական բանկերի հաշիվների վրա:
Ադրբեջանում Լեյլա Յունուսը եւ նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են նաեւ, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում 2015 թվականի մայիսին անցկացված Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը: