G20-ի առաջնորդները 1 րոպե լռությամբ հարգել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը
Международные новости«Մեծ քսանյակի» անդամ երկրների և հրավիրված մասնակից երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարները նիստն սկսել են մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` առաջնորդները հոտնկայս հարգել են զոհերի հիշատակը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բացելով նիստը, հայտարարել է, որ «քսանյակի» երկրները դատապարտում են Փարիզի ահաբեկչությունը:
«Վճռականորեն դատապարտում ենք Փարիզում կատարված ահաբեկչական հարձակումները: Ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել ֆրանսիացի ժողովրդին»,- լռության րոպեից առաջ հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունները Փարիզում տեղի են ունեցել ուրբաթ երեկոյան: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը, որին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հրաձգություն է իրականացվել նաև ռոք համերգի ժամանակ: Բոլոր ահաբեկչությունների հետևանքով 129 մարդ է սպանվել, կան տասնյակ վիրավորներ։