Հայտնի է դարձել Փարիզում ահաբեկչությանը մեղսակից եւս մեկ մահապարտի անունը
Международные новостиՖրանսիայի ոստիկանությունը պարզել է Փարիզի ահաբեկչական գրոհներին մեղսակից եւս մեկ ահաբեկչի ինքնությունը, որոնք 129 մարդու կյանք խլեցին: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով դատական աղբյուրի:
Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի 20-ամյա քաղաքացի Բիլյալ Հադֆին այն երեք մահապարտներից մեկն էր, որոնք իրենց պայթեցրել են «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ: Եվս մեկ ահաբեկիչ՝ 31-ամյա Իբրահիմ Աբդեսլամը, որի մասին հայտնի է դարձել ավելի վաղ, աղբյուրի տվյալներով, «մահապարտի գոտի» է գործի դրել Փարիզի Վոլտերի ծառուղում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը նրա եղբոր՝ Սալահ Աբդեսլամի հետախուզում է հայտարարել՝ Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններին մեղսակցության կասկածանքով եւ հրապարակել է նրա լուսանկարը: Սալահ Աբդեսլամը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 15-ին Բրյուսելում: Բելգիական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ հետախուզվողի եղբայրը՝ Մոհամեդը, ձերբակալվել է նոյեմբերի 14-ի երեկոյան Բրյուսելի Մոլեմբեկ կոմունայում եւ գտնվում է կալանքի տակ: Երեք եղբայրները բնակվում էին Մոլեմբեկի վարչակազմի շենքի դիմաց գտնվող տանը:
Նաեւ հաղորդվել է, որ մահապարտների թվում եղել է Ֆրանսիայի 29-ամյա քաղաքացի Իսմայիլ Օմար Մոստեֆան, որի ինքնությունը պարզվել է «Բատակլան» թատրոնում հայտնաբերված մարմնամասերի փորձաքննության արդյունքում, նրա հայրն ու եղբայրն ավելի վաղ կալանքի տակ են վերցվել:
Ավելի վաղ սերբական «Բլից» թերթը հրապարակել է եւս մեկ ահաբեկչի՝ Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամեդի անունը, որը Արեւմտյան Եվրոպա է հասել Սերբիայի տարածքով: Մեկ այլ ահաբեկչի՝ Աբդուլակբակե Բ.-ի անունը հաղորդել է Le Figaro հրատարակությունը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական մրցախաղը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, անհայտ անձինք սպանդ են սարքել «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 129 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: