Ադրբեջանական բանտում Լեյլա Յունուսի խոշտանգումները շարունակվում են
Международные новостиԱդրբեջանական բանտում ազատազրկման ենթարկված իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ խոշտանգումները շարունակվում են:
«Թուրան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Լեյլա Յունուսի վրա մահացու սպառնալիք է կախված:
Կայքի հետ զրույցում Լեյլա եւ Արիֆ Յունուսների փաստաբան Էլչին Ղամբարովը հայտնել է, որ Լեյլա Յունուսը գտնվում է ծանր վիճակում:
«Բավական չէ, որ նրան չեն փոխադրում բուժմաս, նրան մինչ այժմ չեն տրվել նաեւ դեռեւս հոկտեմբերի 30-ին գերմանացի բժիշկ Վիտտի կողմից դուրս գրված դեղամիջոցները: Լեյլա Յունուսին բուժմաս տեղափոխելու մասին իմ բազմաթիվ դիմումներն ու խնդրանքներն անպատասխան են մնացել: Ծանր ֆիզիկական վիճակն անդրադարձել է նաեւ նրա հոգեկան վիճակի վրա: Լեյլա Յունուսի խոսքով` բուժզննումից հետո բժիշկ Վիտտը նրան ասել է, որ իրենց բուժմաս փոխադրել չցանկացող բիշկների գործողությունները ոչ այլ ինչ է, քան հիվանդի վրա քաղաքական ճնշում: Լեյլա Յունուսին բուժմաս չեն փոխադրում , դեաղորայք չեն տալիս, ձեռնափայտը, որի օգնությամբ նա կարողանում է քայլել, խլել են: Ի՞նչ է սա: Միայն` խոշտանգումներ: Անհրաժեշտ է վերջ դնել հիվանդ եւ տարեց կնոջ նկատմամբ ծաղրանքներին», -ասել է փաստաբանը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 2015 թվականի օգոստոսի 13-ին Արիֆ Յունուսին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, իսկ նրա կնոջը` Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին 8,5 տարվա ազատազրկման:
Արիֆ Յունուսը մեղադրվում է պետական դավաճանության եւ խարդախության, իսկ Լեյլա Յունուսը` պետական դավաճանության, պետությանը խոշոր վնաս պատճառելու խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեջ: Դատարանի վճռով առգրավվել է նրանց ունեցվածքը, իսկ բանկային հաշիվներից փողերը փոխանցվել են պետական բանկերի հաշիվների վրա:
Ադրբեջանում Լեյլա Յունուսը եւ նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են նաեւ, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում 2015 թվականի մայիսին անցկացված Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն են:
Ադրբեջանում բանտարկված իրավապաշտպան Լեյլա Յունուսն օրերս արժանացել է OXI DAY հիմնադրամի հանուն ազատության եւ ժողովրդավարության անվեհեր պայքարի համար Battle of Crete Award պարգեւի: Oxi Day Battle of Crete Award պարգեւն ամեն տարի շնորհվում է կանանց` ազատության եւ ժողովրդավարության ոլորտում պաշտպանության, առաջխաղացման եւ նվաճումի գործում նրանց ցուցադրած արիության համար:
Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի եւ Թեոդոր Հաքերի գերմանական պարգեւի դափնեկիր է:
Տեղական եւ միջազգային հանրության աջակցությունը սրնթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները:
Amnesty International կազմակերպությունը Լեյլա եւ Արիֆ Յունուսներին «խղճի բանտարկյալներ» է ճանաչել: