Ադրբեջանը դարձյալ մնացել է առանց ինտերնետի
Международные новостиԱյսօր ժամը 16:00-ին Ադրբեջանում դարձյալ անջատվել է ինտերնետը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, չնայած Ադրբեջանում գործող Delta Telecom գլխավոր հեռահաղորդակցական օպերատորի հավաստիացումներին այն մասին, որ երեկվա հրդեհի հետեւանքները վերացվել են եւ ինտերնետն ամբողջությամբ վերականգնվել է, ժամը 16:00-ից Ադրբեջանը դարձյալ ամբողջությամբ անջատվել է համաշխարհային համացանցից:
Ինտերնետի այսօրվա անջատվելու պատճառները հայտնի չեն:
Ադրբեջանում կասկածներ են շրջանառվում, որ դա կարող է կապված լինել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովի, Aztelecom-ի գլխավոր տնօրեն Մամեդ Մամեդովի եւ այլ պաշտոնատար անձանց աշխատանքից հեռացվելու հետ` կապված ազգային անվտանգության նախարարության հետ նրանց ունեցած սերտ կապերի հետ, որի աշխատակիցները, կառույցի ղեկավարի հետ միասին մեղադրվում են Ադրբեջանի նախագահի, նրա ընտանիքի, բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսները գաղտնալսելու մեջ:
Ադրբեջանում ինտերնետն անջատվել էր նաեւ երեկ ժամը 16:00-ին, որի պատճառը հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում գործող Delta Telekom գլխավոր պրովայդերի ցանցում ծագած հրդեհն է եղել, որը մարվել է մի քանի ժամ հետո, իսկ ինտերնետը վերականգնվել էր անջատվելուց 6 ժամ հետո:
Ադրբեջանում ինտերնետի անջատվելու պատճառով կաթվածահար էր եղել բանկերի եւ համացանցի հետ կապված բոլոր բնագավառների աշխատանքը: