Փարիզում ահաբեկչական գործողությունների հետ կապված գործում նոր կասկածյալ է հայտնվել
Международные новостиՖրանսիայի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ տեսադիտարկման խցիկները գրանցել են Փարիզում նոյեմբերի 13-ի հարձակումների կատարման եւս մեկ, հնարավոր է՝ իններորդ կասկածյալին, տեղեկացնում է BBC-ը:
Խցիկները երրորդ մարդուն են գրանցել Seat մակնիշի սեւ ավտոմեքենայում, որից լույս նոյեմբերի 14-ի գիշերը հարձակվողները կրակ են բացել ռեստորանների ու բարերի վրա: Առայժմ պարզ չէ, թե արդյոք այս իններորդ կասկածյալն այն երկու մարդկանցից մեկն է, որոնց ձերբակալել են Բելգիայում, թե նրան հաջողվել է թաքնվել:
Անհայտ անձի հետ միասին ավտոմեքենայում եղել են եւս երկու հարձակվողներ, որոնք արդեն ճանաչված են: Խոսքը Բրահիմ եւ Սալահ Աբդեսլամ եղբայրների մասին է: Հետաքննությունը Սալահ Աբդեսլամին համարում է հարձակումների գործով գլխավոր կասկածյալներից մեկը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, բայց նրա հետքին ընկնելու բոլոր ջանքերն առայժմ հաջողություն չեն ունեցել:
Նրա Բրահիմ եղբայրը իրեն պայթեցրել է «Բատակլան» համերգասրահի վրա գրոհի ընթացքում: Երկու եղբայրներն էլ Բելգիայի քաղաքացիներ են:
Նախօրյակին Բելգիայի իրավապահ մարմինները կալանքից ազատել են հարձակվողների եւս մեկ եղբորը՝ Մոհամեդ Աբդեսլամին, որը ձերբակալված էր նոյեմբերի 14-ից: Նրան մեղադրանք չի առաջադրվել: Ազատվելուց շատ չանցած Մոհամեդը հեռուստահարցազրույց է տվել, որի ընթացքում կոչ է արել իր եղբորը հանձնվել իշխանություններին:
Նոյեմբերի 17-ին ոստիկանությունը նաեւ խուզարկել է մի բնակարան եւ հյուրանոցի երկու համար, որտեղ ենթադրաբար կանգ էր առել հարձակում կատարած եղբայրներից մեկը:
Լույս նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզում մի շարք պայթյուններ եւ զինված հարձակումներ են իրականացվել խաղաղ բնակիչների դեմ: Երկրի իշխանությունները պատահածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն: Հարձակումների զոհ է դարձել 129 մարդ, վիրավորվել են 400-ից ավելի քաղաքացիներ, նրանցից 221-ը մինչ այժմ գտնվում են հիվանդանոցներում, այդ թվում՝ 57 տուժածներ վերակենդանացման բաժանմունքներում են:
Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը: