Բաքվում տալասեմիայով հիվանդները բողոքի ակցիա են անցկացրել
Международные новостиՆոյեմբերի 17-ին Բաքվում տալասեմիայով հիվանդները Ազգային տալասեմիայի կենտրոնի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել` փակելով Ֆաթալի խան Խոյսկի փողոցը, որպեսզի պատկան մարմինների կողմից չլուծվող իրենց խնդիրները հասցնեն հասարակության ուշադրությանը:
«Ազադլըգ»-ը գրում է, որ ակցիայի վայր կանչված ոստիկանության աշխատակիցների կոշտ միջամտության արդյունքում ճանապարհը բացվել է:
Հուսալքության մեջ հայտնված տալասեմիայով հիվանդները հայտնել են, որ առողջապահության նախարարությունն ուշադրություն չի դարձնում իրենց խնդիրներին: Հիվանդներին զայրացրել է նաեւ այն, որ Տալասեմիայի միջազգային ֆեդերացիայի անդամներ` Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Էնվեր Գուլիեւին եւ Հունաստանի տալասեմիայի ֆեդերացիայի խորհրդական Մայքլ Անաստոզիադիսին հիվանդների հետ հանդիպելու համար թույլ չի տրվել մուտք գործել Ադրբեջանի տալասեմիայի ազգային կենտրոնի դահլիճ:
Հիվանդները բողոքել են, որ կենտրոնն իրենց բավարար չափով արյամբ չի ապահովում, ինչի պատճառով ամեն տարի 10-ից ավելի երիտասարդ մահանում է:
Modern.az-ի հետ զրույցում տալասեմիայով հիվանդ 23-ամյա Սոնա Դուբուխովան ասել է. «Տալասեմիայի հետ կապված պետական ծրագիր կա, որի հիման վրա երկիր անհրաժեշտ դեղորայք է ներկրվում: Ամեն տարի 10-ից ավելի հիվանդ մահանում է: Արդյունքում ներկայացվում է, թե իբր հիվանդն «ինքն իրեն լավ չի հետեւել»: Նախարարություն ուղարկած իմ դիմումի պատասխանն արդեն 7 ամիս է` չկա: 2 հազարից ավելի հիվանդ կա: Տալասեմիայի ազգային կենտրոնի տրանսպլանտացիայի բաժանմունքում տարեկան 22 հիվանդ է բուժվում, ինչով հիվանդությունը կանխել հնարավոր չէ: Մենք արյան պակասություն ունեն ք: Ինչու՞ ամեն տարի տալասեմիայով հիվանդների թիվը պակասելու փոխարեն շարունակում է աճել: Նոր օրենքի համաձայն, ամուսնացող զույգերից տեղեկանք է պահանջվում: Սակայն, իմ ճանաչած բազմաթիվ մարդիկ այդ տեղեկանքը գնում են փողով եւ գրանցում ամուսնությունը»:
Սոնա Դոբուխովան հայտնել է, որ առողջապահության նախարարության ձեռք բերած դեղորայքն անորակ է:
«Այսօր հեպատիտով վարակված մեծ թվով տալասեմիայով հիվանդներ կան», -հավելել է նա:
Կայքը հույս է հայտնել, որ ամեն օր կյանքի համար հարկադրված պայքարող տալասեմիայով հիվանդների բողոքը կլսեն առողջապահության նախարարությունում եւ նրանց համար հատկապցված բազմամիլիոն ֆինանսական միջոցները վերջապես կծախսվեն ըստ նշանակության:
Արյան հիշյալ հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված` հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը: Ադրբեջանի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: Մասնավորապես, Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը տալասեմիայի կրողներ են հանդիսանում:
Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման կլինիկական ինստիտուտի գլխավոր բժիշկ Իսքանդեր Բագիրովի տվյալներով` Ադրբեջանում մոտ 800 հազար մարդ հանդիսանում են տալասեմիայի պոտենցիալ կրողներ: Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին, իր հերթին, նշում է, որ Ադրբեջանում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով (արյան անմակարդելիություն) հիվանդ 300 երեխաներ են ծնվում:
Տալասեմիայով, հեմոֆիլիայով եւ այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականին օրենք է ստորագրել, որի համաձայն, ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել: