Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպչի ճակատագիրն առայժմ պարզ չէ
Международные новостиՓարիզում ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչը՝ Աբդելհամիդ Աբաուդը, չի եղել այն մարդկանց թվում, ում նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի հատուկ ջոկատայինները բռնել են Փարիզի Սեն Դենի արվարձանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը, ձերբակալվածների թվում չէ նաեւ ահաբեկչական գործողությունների մյուս ենթադրյալ մասնակիցը՝ Սալահ Աբդեսլամը, որի նկատմամբ ավելի վաղ հետախուզում էր հայտարարվել:
Սակայն, ինչպես հաղորդվում է, գրոհի ընթացքում զոհվածների առանձին մնացորդներ դեռեւս պետք է նույնականացվեն:
Դատախազի խոսքով՝ հատուկ գործողության ընթացքում սպանվել են առնվազն երկու ենթադրյալ իսլամիստներ: Ընդսմին Մոլենը նշել է, որ զովածների մարմինների վիճակն առայժմ ոչ միայն թույլ չի տալիս ճանաչել նրանց, այլեւ վստահությամբ ասել, թե նրանք քանիսն են եղել:
Ֆրանսուա Մոլենը նաեւ հավաստել է, որ Սեն Դենիի գործողությունը թույլ է տվել կանխել եւս առնվազն մեկ խոշոր ահաբեկչություն: Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրների, հաղորդել էին, որ դրա թիրախ կարող էր դառնալ Փարիզի Դեֆանս թաղամասը:
Սեն Դենիում հատուկ գործողությունն սկսվել է նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան: Բնակարանի գրոհի ընթացքում, որտեղ թաքնվում էին ահաբեկչության մեջ կասկածվողները, նրանցից մեկն ինքնապայթեցում է իրականացրել: Եվս ութ մարդու հաջողվել է բռնել:
Աբդելհամիդ Աբաուդը Բելգիայի՝ ծագումով մարոկոյացի քաղաքացի է: 2010 թվականին նա, վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հնարավոր այլ մասնակցի՝ Սալահ Աբդեսլամի հետ միասին, բելգիական բանտում պատիժ է կրել զինված կողոպտման համար:
2013 թվականին Աբաուդը միացել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը, որը ստանձնել է Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը: