Ադրբեջանը չորս հազարից ավելի պարտապանների արգելել է դուրս գալ երկրից
Международные новости2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի արդարադատության մարմինները բանկերին պարտքեր ունեցող 4 հազարից ավելի անձանց արգելել են դուրս գալ երկրից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազերբայջան» թերթին տված հարցազրույցում հայտնել էԱդրբեջանի արդարադատության նախարար ՖիքրեթՄամեդովը:
Նրա խոսքով` դատական որոշումների կատարմանը խոչընդոտելու եւ դրանք կանխամտածված չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 3250 մարդ:
«Այդ թվում 1800 մարդ վարչական կարգով ձերբակալվել է, 242 մարդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: 4 հազարից ավելի պարտապան անձանց երկրից դուրս գալու իրավունքը սահմանափակվել է», -ասել է նա:
Նախարարն ընդգծել է, որ ընթացիկ տարվա 9 ամսում դատական գործերով կատարողական վարույթների թիվը գերազանցել է 350 հազարը, ինչը 53 տոկոսով ավելի է, քան 2014 թվականի հաշվետու ժամանակաշրջանում:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապահովվել է 160 հազարից ավելի գործերի վարույթ, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վճարումների ծավալը կազմել է 124 մլն մանաթ», -ասել է Մամեդովը: