Թուրքիայում ձերբակալվել են Փարիզի ահաբեկչությունների մեջ կասկածվող անձինք
Международные новостиԹուրքիայի Անթալիա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ենթադրաբար «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկների, որոնք կարող են մասնակից լինել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, մարոկայական ծագումով 26-ամյա բելգիացի Ահմեդ Դահմանին նոյեմբերի 20-ին ձերբակալվել է Մանավգաթում, երբ նա փորձում էր բնակություն հաստատել հինգաստղանի հյուրանոցում: Նշվում է, որ հենց նա է զբաղվել այն վայրերի ընտրությամբ, որտեղ հետագայում կատարվել են գրոհները:
Մյուս երկու կասկածյալները` Ահմեդ Թահիրը եւ Մուհամեդ Վերդին, ինչպես նշվում է, պետք է հանդիպեին Դահմանիի հետ եւ քննարկեին նրա անվտանգ վերադարձը Սիրիա: Նշվում է, որ նրանք Թուրքիայի սահմանը հատել են կեղծ անձնագրերով:
Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողություններ են իրականացվել, Հրաձգությունների, պատանդառումների եւ պայթյունների արդյունքում զոհվել է 130 մարդ:
ԻՊ-ը Սիրիայում եւ Իրաքում գործող իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն է: Ստեղծվել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին 11 արմատական սունիական կազմավորումների միավորման արդյունքում: Խմբավորման հիմքը հանդիսանում են Իրաքում գտնվելու ժամանակ ամերիկյան զորքերի, Սիրիայում Բաշար Ասադի կառավարության ուժերի դեմ կռվող մարտիկները: ԻՊ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Թուրքիայում, Եգիպտոսում, Արաբական միացյալ էմիրաթներում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում եւ 2014 թվականի դեկտեմբերի 26-ից Ռ ուսաստանում:
ԻՊ-ի դեմ պայքարում են Սիրիայի կառավարական ուժերը, իրաքյան բանակը, շիա ազատամարտիկները, քրդական ինքնապաշտպանական ջոկատները, ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան եւ Ռուսաստանը, որոնք օդային հարվածներ են հասցնում մարտիկների դիրքերին: