Մալիի ահաբեկչության հետեւանքով զոհվել է Ռուսաստանի վեց քաղաքացի
Международные новостиՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 20-ին Մալիի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ռուսաստանի վեց քաղաքացի:
Ինչպես փոխանցում է Interfax-ը, ևս վեցը փրկվել են:
«Մալիում Ռուսաստանի դեսպանության տեղեկություններով` պատանդ վերցված բազմաթիվ օտարերկրացիների թվում եղել են նաև ՌԴ քաղաքացիներ, ովքեր «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության աշխատակիցներ են: Մալիի հատուկ ծառայությունների կողմից ահաբեկիչներին չեզոքացնելու գործողության արդյունքում փրկվել է հարյուրից ավելի մարդ, այդ թվում` ՌԴ վեց քաղաքացի»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի վեց քաղաքացիները մյուս մահացածների հետ սպանվել են հյուրանոցի ռեստորանում ահաբեկիչների բացած կրակի պատճառով:
Մալիում Ռուսաստանի դեսպանատանը բացվել է թեժ գիծ (+223) 764-09-056 համարով:
Նոյեմբերի 20-ին երկու ջիհադիստներ պատանդ էին վերցրել Ֆրանսիայի նախկին գաղութ Մալիի Բամակո մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում գտնվող մարդկանց: Հաղորդվում է, որ հյուրանոցում եղել է շուրջ 170 պատանդ: Մալիի Radisson հյուրանոցում հատուկ ծառայությունները հայտնաբերել են 27 մարդու մարմին: Հատուկ գործողության ընթացքում, որի արդյունքում ազատ արձակվեցին բոլոր պատանդները, ներգրավված էին Մալիի և Ֆրանսիայի հատուկ ուժերը: Ահաբեկիչները ոչնչացվել են: