Գերմանիայում հարձակվել են փախստականների համար կազմակերպած եկեղեցական հավաքի վրա
Международные новостиԳերմանիայի Բրանդենբուրգ դաշնային հողի Յութերբոգ քաղաքում նախօրեին ներգաղթյալների դեմ սկսված բողոքի ցույցը ավարտվել է անկարգություններով, որոնց ժամանակ հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Tagesspiegel պարբերականը:
Թերթի տեղեկություններով ցույցերը սկսվել էին նախօրեին երեկոյան: «Ոչ փախստականներին, այո Յութերբոգին» կարգախոսերով մոտ 200ցուցարար դուրս էին եկել բողոքի: Ցուցարարները ջահեր են վառել եւ ծայրահեղ աջակողմյան կոչեր վանկարկել: Այնուհետեւ նրանք հարձակվել են տեղի Ավերատարանական եկեղեցու վրա, որտեղ ներգաղթյալների համար հավաք էր կազմակերպվել: Ոստիկանությունից հայտնել են, որ պայթուցիկի համար ցուցարարները հրատեխնիկա են օգտագործել: Զոհերի եւ տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում:
Բրանդենբուրգ դաշնային հողի ՆԳ նախարար Կառլ Հայնց Շրյոթերը եւ Ավետարանական եկեղեցու եպիսկոպոս Մարկուս Դրյոգեն դատապարտել են հարձակումը: «Մենք ոչ մի սանտիմետր չենք զիջի նրանց,- ասել է նախարարը,- նրանք, ովքեր պնդում են, թե պաշտպանում են քրիստոնյաներին եւ միեւնույն ժամանակ եկեղեցական հաստատություների վրա հարձակումներ են գործում, պատռում են իրենց դիմակը»:
«Սա հարձակում է ոչ միայն եկեղեցու վրա, այլ մեր հասարակության: Պատասխանատու են նաեւ քաղաքական գործիչները, որոնք քամահրանքով են խոսում փախստականների մասին: Նրանք պետք է մտածեն տեղի ունեցածի մասին: Ատելությունը սկսվում է բառերից»,- ասել է եպիսկոպոսը: