Բրյուսելում շարունակում է գործել ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակը
Международные новостиԲրյուսելում շարունակում է գործել ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով դաշնային կառավարության ճգնաժամային կենտրոնը, Բրյուսելի շրջանում սպառնալիքի մակարդակը շարունակում է մնալ 4-րդ սանդղակի վրա, որն ամենաբարձր մակարդակն է։ «Իրավիճակի ուսումնասիրությունը թույլ է տվել եզրակացնել լուրջ եւ անխուսափելի վտանգի մասին, ինչը հանգեցրել է անվտանգության լրջագույն միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ բնակչությանը հատուկ հանձնարարություններ տալու։ OCAM-ի նոր գնահատականը կլինի այսօր օրվա երկրորդ կեսին։ Այդ գնահատականի հիման վրա անվտանգության միջոցառումների վերաբերյալ նոր որոշում կկայացվի»,-ասված է ճգնաժամային կենտրոնի հաղորդագրության մեջ։
Երկրի այլ շրջաններում սպառնալիքի աստիճանը «3» է։ Բրյուսելում սպառնալիքի պատճառով փակ է մետրոպոլիտենը, հասարակական վայրերում պարեկություն է իրականացվում, ոստիկաններին ինքնաձիգներ են բաժանել, չեղյալ են հայտարարված զանգվածային միջոցառումները, փակ են կինոթատրոնները, թանգարանները եւ համերգասրահները։