Իրանի բարձրաստիճան անձինք կայցելեն Ադրբեջան
Международные новостиԱդրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի պաշտոնական հրավերով նոյեմբերի 24-ին Բաքու կժամանի Իրանի ներքին գործերի փոխնարար եւ արտակարգ իրավիճակների կառավարման գծով կազմակերպության ղեկավար Իսմայիլ Նաջարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում Իրանի դեսպանատան հաղորդմամբ` իրանցի պաշտոնյան կմասնակցի Կասպից ծովում արտակարգ իրավիճակների կանխման գծով զինավարժություններում:
Նոյեմբերի 23-27-ին Բաքվում կլինի նաեւ Իրանի կրթության եւ գիտության նախարար Ալի Ասքար Ֆանին: Իրանցի նախարարը Ադրբեջանում կգտնվի Կրթության, գիտության եւ մշակույթի իսլամական կազմակերպության գործադիր խորհրդի 12-րդ գլխավոր համաժողովի եւ 36-րդ նիստին մասնակցելու համար:
Ադրբեջան են ժամանել նաեւ մի խումբ լրագրողներ իրանական Գիլան նահանգից: Այցի ընթացքում նրանք կծանոթանան Ադրբեջանի մշակութա-պատմական եւ զբոսաշրջային ներուժին: