ՉԺՀ-ն ծրագրում Է կառուցել կենդանիների պատճենաբուծման՝ աշխարհում խոշորագույն կենտրոնը. China Daily
Международные новостиՉինաստանի Տյանցզին քաղաքում (գտնվում Է Պեկինից 200 կիլոմետր հեռավորության վրա) ծրագրում են կառուցել շների, կովերի եւ ձիերի պատճենաբուծման՝ աշխարհում խոշորագույն կենտրոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է ChinaDaily թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
«200 միլիոն յուան (շուրջ 30 միլիոն դոլար) ենթադրյալ ծավալով ներդրումներով բուծարանը բաղկացած կլինի լաբորատորիայից, պատճենաբուծման կենտրոնից, գենային պահոցից, ինչպես նաեւ գիտակրթական ցուցահանդեսային կենտրոնից»,- գրել Է հրատարակությունը՝ վկայակոչելով Տյանցզինի զարգացման տնտեսատեխնոլոգիական գոտու կառավարման կոմիտեն:
Նշվում Է, որ կոմիտեն արդեն ռազմավարական համաձայնագիր Է ստորագրել Yingke Boya Gene Technology (Tianjin) Ltd ընկերության հետ, որը ցողունային բջիջների եւ կենսաբանական բժշկագիտության ոլորտի՝ Չինաստանում առաջատար Boyalife Group Ltd ընկերության դուստր ձեռնարկությունն Է:
Կենտրոնի կառուցման նպատակներից մեկը համարվում Է պատճենաբուծման տեխնոլոգիաների հետագա կիրառումն ընտանի կենդանիների բուծման գործընթացի բարելավման համար:
Թերթի տվյալներով՝ Yingke Boya Gene Technology (Tianjin) Ltd-ն Հարավային Կորեայի Sooam Biotech Research Foundation ընկերության հետ համատեղ ստեղծել Է շների պատճենաբուծման համատեղ ձեռնարկություն: Մինչեւ 2015 թվականի վերջը տարբեր երկրների համար պատճենաբուծվել Է 550 շուն, որոնք հատուկ առաջադրանքներ են կատարում օդանավակայաններում եւ մաքսատներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: