Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
Международные новостиԹուրքիան կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանն (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Սիրիայում թուրքմենական գյուղի ռմբակոծման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետի գրասենյակից անանուն աղբյուրին:
Աղբյուրը նշել է, թե Սիրիայի լեռնային շրջաններից վերջին երեք օրվա ընթացքում շուրջ 1700 մարդ ստիպված է եղել հասնել Թուրքիայի սահմանամերձ շրջաններ: Նա տեղեկացրել է նաև, որ Թուրքիան թուրքմենական գյուղի ռմբակոծման առնչությամբ բանակցությունների մեջ է Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հետ, ինչպես նաև արդեն նամակ է ուղարկվել Բրիտանիային, որն այս տարի նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Նշվում է, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և Ազգային հետախուզական ծառայության ղեկավարի հետ խորհրդակցություն է ունեցել, իսկ արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն խնդիրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Թուրքիան, որը բազմիցս դատապարտել է ռուսական կողմի օժանդակությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, փորձում է Ռուաստանի հետ Սիրիայում ունեցած տարաձայնությունները տանել միջազգային ասպարեզ: Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Ռուսաստանի դեսպանը, ում արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել էին իրենց դժգոհությունը Սիրիայում թուրքմենական գյուղի ռմբակոծան առնչությամբ: