ՌԴ ՊՆ-ն խոստովանել է թուրքական կողմի հետ կապ հաստատելու ապարդյուն լինելը
Международные новостиՌԴ-ում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդը շտապ կանչվել է ՌԴ պաշտպանության նախարարություն: Հանդիպման ժամանակ պաշտոնական բողոք է հայտարարվել թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ:
ՌԴ ՊՆ լրատվական ծառայությունը հրապարակել է այդ փաստաթղթի տեքստը, որում մասնավորապես նշված է. «Այսօր 09:30-ին ահաբեկչության դեմ պայքարում ռազմական խնդիրներ լուծող ռուսական ինքնաթիռը կործանվել է Թուրքիայի ԶՈՒ-ի ինքնաթիռի հարվածներից: Ռուսական ինքնաթիռը թուրքական սահմանը չի հատել և գործել է բացառապես Սիրիայի տարածքում առկա օբյեկտների ուղղությամբ: Ռուսական ավիացիայի ռազմական գործողություններն ուղղված են անօրինական ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնց կազմում ընդգրկված են Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի մեծաքանակ գրոհայիններ:
Թուրքական կողմի հետ փոխգործակցությունը կազմակերպելու ՌԴ ՊՆ-ի մասնագետների փորձերն արտակարգ կապի միջոցներով հաջողությամբ չեն պսակվել: Թուրքական ԶՈՒ-ի գործողությունները դիտարկում ենք որպես ոչ բարեկամական ակտ: Ներկա դրությամբ ՌԴ ՊՆ-ն մշակում է միջոցառումների համալիր` նմանատիպ միջադեպերին արձագանքելու համար: Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն»:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:
«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: