Ռուսաստանյան ինքնաթիռի խոցելու հիմքում Թուրքիայի աջակցությունն է ԻՊ-ին. միջազգային մամուլ
Международные новостиՄիջազգային մամուլը գտնում է, որ Սիրիայի հետ սահմանում Թուրքիայի օդուժի կողմից ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի կործանման խնդրի հիմքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը Թուրքիայի աջակցությունն է կանգնած:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշելով, որ Թուրքիան միայնակ է մնում Ռուսաստանի առաջ, միջազգային մամուլն այդ հարցում միանշանակ չի աջակցում Թուրքիային, եւ միջադեպի հետ կապված Ռուսաստանից ավելի քննադատում է Անկարային, համարելով, որ իրականում այդ քայլին Թուրքիային դրդել է ԻՊ-ին իր կողմից արվող աջակցությունը:
The Washington Post թերթն այդ առնչությամբ իր գլխավոր նյութում հայտնում է, որ այն պնդումները, թե Սիրիայում Ռուսաստանը հարվածում է ոչ թե ԻՊ-ին, այլ Ասադի ռեժիմի տապալմանը լծված ապստամբներին, իրավացի չի դարձնում ռուսական ինքնաթիռների խոցումն ու օդաչուների սպանությունը:
«Դա պատերազմ ծնող միանգամայն անհավասարակշիռ ռեակցիա է», -նշել է թերթը:
Ամերիկյան թերթը հայտնել է, որ Ռուսաստանն այժմ ստիպված է լինելու պատասխան միջոցառում տեսնել, ինչը բոլորովին էլ ցանկալի չէ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համար:
«Թուրքիան պարբերաբար օդից աջակցել է ԻՊ-ին եւ ռմբակոծել ԻՊ-ի վրա հարձակում գործած քրդական ուժերին: Թուրքիան իր սահմաններով թույլ է տալիս Սիրիա անցնել ԻՊ-ի մարտիկներին, իսկ ինքը շարունակում վերածվել աստվածպետության եւ բռնապետության», -գրել է թերթը:
Թերթն անհանգստություն է հայտնել, որ իր «անպատասխանատու գործողություններով եւ իսլամիստական ծրագրերով Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության մղել ՆԱՏՕ-ին»:
«Սու-24 ինքնաթիռի կործանման միջադեպից հետո անհրաժեշտ է քննարկել Թուրքիայի` ՆԱՏՕ-ի անդամ մնալու հարցը», -հայտնել է թերթը:
Գերմանական Die Welt թերթը մեջբերել է երկրի փոխվարչապետ Զիգմար Գաբրիելի Թուրքիայի հասցեին արած խիստ քննադատությունը, որում հիշյալ միջադեպի հետ կապված նա ասել է. «Այդ միջադեպը ցույց է տալիս, որ Թուրքիան «կանխատեսումներին չհապատասխանող» երկիր է»: Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ այդ միջադեպը խոչընդոտելու է ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի ստեղծմանը:
Independent-ը գրել է, որ Սու-24-ի միջադեպը ավելի է լարելու միջազգային դրությունը:
ABC հեռուստաալիքն էլ հայտնել է, որ Իսպանիայում ՆԱՏՕ-ի Torrexone-de-Ardos ռազմաբազան հետեւել է Ռուսաստանի ինքնաթիռի խոցմանը եւ անակնկալի եկել:
«Ռուսաստանյան ինքնաթիռի` Թուրքիայի օդային տարածքին մոտենալու վերաբերյալ տեղեկություն է տրվել Գերմանիայի Ռամշտեյնի օդային ռազմաբազային, սակայն, ինքնաթիռը խոցելու վերաբերյալ որեւէ հրաման չի ուղարկվել, դա արել են թուրքերն` իրենք», -հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտվել են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»: