Բաքվում իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներում 4 մարդ զոհվել է
Международные новостиԲաքվի շիաներով բնակեցված Նարդարան ավանում ոստիկանությունը իսլամական ծայրահեղականների խմբի նկատմամբ հատուկ գործողություն է անցկացրել ավանի մզկիթներից մեկի մոտ, ինչի արդյունքում 4 մարդ զոհվել է, որոնցից երեքը ոստիկաններ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը` նշելով, որ ծայրահեղականները զինված դիմադրություն են ցուցաբերել իրավապահ ուժերին: Որոշ զինված իսլամիստներ կրակ են բացել իրավապահների վրա:
Նշվում է, որ ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում` Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզադեն:
Բաքվի թիվ 3 հիվանդանոց է տարվել երեք վիրավոր, որոնց մեջ է նաեւ Սաբունչիի շրջանի ոստիկանական վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Սադիգ Հասանովը: Հատուկ գործողության ժամանակ ոստիկանների վրա նռնակ է նետվել:
Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նաեւ իսլամիստների եւս մեկ առաջնորդի` Զուլֆուգար Միքայելզադեին: Նա ձերբակալվել է սեփական տանը եւ տարվել անհայտ ուղղությամբ:
Նշվում է, որ իսլամիստները ՆԳՆ աշխատակիցների վրա կրակել են ավտոմատներից, կիրառվել են նաեւ մարտական նռնակներ: