Թուրքիան ԵՄ անդամակցության բանակցությունները վերսկսվելու հույս է հայտնել
Международные новостиԹուրքիայի Եվրամիության գործերով նախարար Վոլքան Բոզքիրը հույս է հայտնել, որ առաջիկա դեկտեմբերի կեսերին Բրյուսելը կվերսկսի Թուրքիայի անդամակցության բանակցությունները` բացելով Թուրքիայի` ԵՄ անդամակցության համաձայնագրի 17-րդ կետը, որը վերաբերում է ֆինանսավարկային քաղաքականությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքը:
«Մենք սպասում ենք, որ դեկտեմբերի 14-15-ին կբացվի համաձայնագրի 17-րդ կետը, որը վերաբերում է էկոնոմիկային եւ դրամային քաղաքականությանըե, -թուրք նախարարի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը:
ԵՄ եւ Թուրքիայի միջեւ ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 1963 թվականին: ԵՄ-ին անդամակցելու հայտն Անկարան ներկայացրել է 1987 թվականին: Անդամակցության մասին բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին: Այդ ժամանակվանից մինչ այժմ կողմերը համաձայնեցրել են 35 տեխնիկական կետերից 14-ը, որոնք պետք է կատարի Անկարան, որպեսզի հասնի ԵՄ-ում անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին:
Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցությունները բազմիցս բարդացվել են տարաձայնություններով, որոնք բերել են դրանց դադարեցմանը: Գլխավոր խոչընդոտներ են մնում կիպրական եւ հայկական հարցերում Թուրքիայի դիրքորոշումները: Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի վերացման ճանապարհին կարեւոր փուլ է դարձել 2013 թվականի դեկտեմբերին ռեադմիսիայի մասին (այլ երկրներից արտաքսված սեփական քաղաքացիներին ընդունելու պետության համաձայնությունը) պայմանագրի ստորագրումը: Այդ պայմանագրի` Անկարայի կողմից վերջերս վավերացվելուց հետո է միայն ԵՄ-ն համաձայնել վերսկսել Թուրքիայի անդամակցության բանակցությունները: