Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայի հետ փոխադարձ մշակութային տարի անցկացնելու ծրագիրը
Международные новости2017թ-ին «Ռուսաստանում Թուրքիայի մշակույթի տարի» և «Թուրքիայում Ռուսաստանի մշակութի տարի» ծրագրերը չեն իրականացվի:
Այս մասին Interfax-ին հայտնել է միջազգային մշակութային հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: «Մշակութային ոլորտում մասշտաբային ծրագրերը, որոնք աջակցություն են ստանում քաղաքական ղեկավարության կողմից, ներկայում հնարավոր չեն: Մեր օդաչուների ողբերգական մահվանից հետո Թուրքիայի հետ որևէ մշակութային համագործակցության մասին խոսակցությունները կարծում եմ անհարկի են»,- հայտարարել է Շվիդկոյը:
Նրա խոսքով մշակութային տարվա ծրագրի շրջանակներում նախատեսվում էին բազմաթիվ ծրագրեր երկու երկրներում, սակայն Թուրքիայի նման քայլից հետո այդ ծրագրերի մասին ցանկացած խոսակցությունն անհնարին է դառնում:
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: