Հունաստանում բողոքի ակցիաներ են անցկացվել ադրբեջանական TAP-ի կառուցման դեմ
Международные новостиՀունաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Անդրադրիատիկ գազատարի (TAP) շինարարության դեմ, որը հանդիսանում է ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու համար նախատեսված Հարավային հոսք գազային միջանցքի բաղկացուցիչ մասը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հունական ԶԼՄ-ները, Կավալա քաղաքում, որտեղով պետք է անցնի TAP-ը, տեղացի ակտիվիստները կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել են, որ գազատարի շինարարությունը մեծ վնաս կհասցնի տեղական գյուղատնտեսությանը եւ հնագիտական հուշարձաններին:
Վերջերս TAP-ի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ իտալական Սալենտո նահանգում, որտեղ գազատարի շինարարության դեմ հանդես են եկել ակտիվիստները, քաղաքապետարանը եւ 5Star քաղաքական շարժման անդամները, պնդելով, որ գազատարը անուղղելի վնաս է հասցնում տեղի ձիթապտղի այգիներին:
TAP-ի նախագծով` թուրք-հունական սահմանում գազատարը պետք է միացվի հունական DESFA գազաբախշիչ օպերատորի համակարգին:
Կավալա քաղաքը գտնվում է հունական թերակղզու հյուսիս-արեւելքում: Քաղաքում Հին Հռոմի ժամանակաշրջանին պատկանող բազմաթիվ հուշարձաններ կան: Այդտեղ է տեղի ունեցել Հուլիոս Կեսարի ժառանգորդներ Օկտավիանոսի եւ Մարկ Անտոնիոսի մարտերը Դեցիմ Բրուտի զորքերի հետ:
2013-2014 թվականներին տեղացի ֆերմերներին հաջողվել էր փոխել TAP-ի երթուղին, սակայն, 2015 թվականի սեպտեմբերին TAP-ը չեղարկել է այդ որոշումը եւ գազատարի երթուղին վերադարձրել նախկին երթուղի:
Դրա հետ միասին, Հունաստանի մասնավորեցման հանձնաժողովը հայտամրցույթ է հայտարարել DESFA ընկերության 17 տոկոս մասնաբաժինը վաճառելու համար, որի արժեթղթերի 66 տոկոսը ձեռք էր բերել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Սակայն, Եվրահանձնաժողովը չի հաստատել այդ գործարքը` համարելով, որ այն հակասում է Եվրամիության երրորդ էներգետիկական փաթեթի պահանջներին:
Արդյունքում SOCAR-ը իր բաժնեթղթերի 17 տոկոսը հանել է վաճառքի, որոնք հավակնում են ձեռք բերել FLUXYS (Բելգիա), ENAGAS (Իսպանիա), եւ CNAM (Իտալիա) ընկերությունները: