Մոգերինին եւ Քերին կարեւորել են Վիեննայի գործընթացի շարունակումը
Международные новостиԵվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հայտարարել են Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման Վիեննայի գործընթացը շարունակելու անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության (EBC) հաղորդագրության մեջ:
Մոգերինին եւ Քերին հանդիպումն են անցկացրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարական հանդիպման շրջանակներում:
«Նրանք պայմանավորվել են Վիեննայում սկսված գործընթացը շարունակելու անհրաժեշտության շուրջ՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու նպատակով, ինչն անհրաժեշտ է նաեւ ԴԱԻՇ-ի դեմ արդյունավետ պայքար մղելու համար»,- նշվում է փաստաթղթում:
Սիրիայի շուրջ բազմակողմ բանակցությունները Վիեննայում կայացել են նոյեմբերի 14-ին: Դրանց մասնակիցները պայմանավորվել են Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո մոնիթորինգային առաքելության ստեղծման շուրջ, որը կհետեւի հրադադարի ռեժիմի պահպանմանը: Վիեննայում մշակված երեքէջանոց փաստաթղթում նաեւ տեղ են գտել մի շարք նախաձեռնություններ, ներառյալ ընդդիմության ուժերի համախմբումը, Սիրիայում նոր կառավարության եւ սահմանադրության ստեղծման աշխատանքը եւ 18 ամսվա ընթացքում ընտրությունների անցկացումը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: