Ադրբեջանում ահաբեկիչներին կզրկեն քաղաքացիութունից
Международные новостиԱդրբեջանում օրենսդրական փոփոխություններ են մշակվում ահաբեկիչներ ճանաչվածներին երկրի քաղաքացիությունից զրկելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, համապատասխան օրենսդրական նախագիծն արդեն ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:
Ըստ այդ նախագծի` ահաբեկչական գործունեությանը մասնակցած եւ երկրի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված գործողություններ թույլ տված Ադրբեջանի քաղաքացին պետք է քաղաքացիությունից զրկվի:
Բացի այդ, Ադրբեջանի քաղաքացիները քաղաքացիությունից կզրկվեն նաեւ կրոնական կրթության անվան տակ արտասահմանյան պետությունում կրոնական ծայրահեղական գործունեություն կատարելու կամ զինավարժանքների մասնակցելու, թշնամական կրոնական հոսանքներ տարածելու, կրոնական արարողությունների անվան տակ արտասահմանյան պետություններում կրոնական հակամարտություններին մասնակցելու, այդ գործունեությանն այլ մարդկանց ներգրավելու կամ էլ այդ նպատակով զինված խմբավորումներ ստեղծելու դեպքում:
Նշվում է, որ Ադրբեջանում խստացվում են նաեւ կրոնական արարողությունների, ծիսակատարությունների անցկացման եւ կրոնական խորհրդանիշների (լոզունգների, դրոշների) օգտագործման կանոնները:
Ըստ նոր կանոնների` այսօրվանից սկսած մուսուլմանական կրոնական ծիսակատարություններ եւ արարողություններ կարող են միմիայն Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող եւ Ադրբեջանում կրթություն ստացած անձինք: Արգելվում է նման կրոնական ծիսակատարություններ եւ արարողություններ անցկացնել արտասահմանում կրոնական կրթություն ստացած անձանց: Այդ հոդվածը խախտողներին հազարից մինչեւ 5 հազար մանաթ տուգանք կամ մինչեւ 1 տարի ժամկետով ազատազրկում է սպասվում:
Հիշյալ օրենսդրական փոփոխությունները Ադրբեջանի խորհրդարանը կքննարկի դեկտեմբերի 4-ի իր լիագումար նիստում: