Ադրբեջանում երկյուղում են Ռուսաստանից թուրքերի հոսքից Բաքու
Международные новостиՌուսաստանի տարածքում Թուրքիայից աշխատուժի օգտագործման արգելքից հետո Ադրբեջանում գալիք տարվա սկզբից 2-3 անգամ կմեծանա աշխատանքային միգրանտ-թուրքերի թվաքանակը, քանի որ նրանք կսկսեն աշխատանք որոնել հենց Ադրբեջանում` ելնելով նույնական լեզվի եւ հարեւանական կապերի առկայությունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նման կանխատեսում է արել միգրացիայի ոլորտում փորձագետ Ազեր Ալլահվերդիեւը:
Նրա խոսքով` վերջին շրջանում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատացումը բացասական ազդեցություն կունենա Ադրբեջանի աշխատաշուկայում, որն առանց այդ էլ գտնվում է ֆինանսական ճգնաժամի պայմաններում:
Ադրբեջանցի փորձագետի կանխատեսմամբ` առաջին հերթին դաժան մրցակցություն է սպասվում ռեստորանային բիզնեսի եւ շինարարության ոլորտներում աշխատատեղերի համար:
«Թուրքիայից աշխատանքային միգրանտները թվաքանակով միշտ էլ առաջին տեղն են զբաղեցրել Ադրբեջանում: Այժմ նրանց թիվը կարող է ավելի մեծանալ», -ասել է նա:
Փորձագետի կարծիքով` ամենայն հավանականությամբ, դա կմեծացնի տեղական բնակչության մեջ գործազրկությունը, ինչը մեծ վնաս կպատճառի:
«Բացի այդ, ակնհայտ է, որ աշխատուժի հոսքը կարող է անօրինական աշխատանքային միգրացիա առաջացնել, քանի Ադրբեջանի տնտեսությունը, ինչպես սահմանվել էր 2015 թվականի համար, չի կարող 12 հազարից ավելի արտասահմանյան աշխատանքային միգրանտներ ընդունել: Իսկ անօրինական միգրացիան հղի է անցանկալի հետեւանքներով: Դա եւ՛ աշխատանքի շահագործումն է, եւ՛ միգրացիոն օրենսդրության խախտումները, եւ՛ անգամ երկրում քրեածին իրավիճակի դեպի վատը փոփոխությունը», -նշել է փորձագետը: