Վրաստանը ոչ մի երաշխիք չստացավ ՆԱՏՕ-ից. Բուրջանաձե
Международные новостиՎրաստանի «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ, հանրապետության խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման արդյունքները, որը դեկտեմբերի 1-2-ին տեղի են ունեցել Բրյուսելում, հայտարարել Է, որ Վրաստանը ոչ մի երաշխիք չստացավ դաշինքին անդամակցելու հնարավորության վերաբերյալ:
Վրաստանի կառավարությունում քանիցս նշել են, թե հուսով են ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր ստանալ դաշինքի գագաթնաժողովում, որը 2016 թվականի հուլիսին տեղի Է ունենալու Վարշավայում:
«Մեզ ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ գործողությունների ծրագիր ստանալու երաշխիքներ չտվեցին»,-նշել Է Բուրջանաձեն Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հայտարարության տեքստն այնքան խճողված Է, որ դժվար Է եզրակացություններ անել, քանի որ դրանք դատարկ խոսքեր են եւ ուրիշ ոչինչ:
Նախօրյակին դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն մինչեւ Վարշավայում 2016 թվականի հուլիսին կայանալիք գագաթնաժողովը Վրաստանի հետ քաղաքական եւ պրակտիկ համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցներ կպատրաստի:
«Վարշավայի գագաթնաժողովին պատրաստվելու համեմատ մենք կուսումնասիրենք ջանքերն ակտիվացնելու նոր, գործնական ուղիները, այդ թվում՝ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ճանապարհով, եւ ուժեղացված համագործակցությունը, ներառյալ պաշտպանության եւ ռազմավարական հաղորդակցությունների բնագավառները»,-ասված Է նախարարական նիստի արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:
Նախարարները հիշեցրել են, որ Բուդապեշտի 2008 թվականի գագաթնաժողովում պայմանավորվածություն Է ձեռք բերվել, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա դաշինքին անդամակցելու գործողությունների պլանի շրջանակներում:
«Այսօր մենք վերահաստատում ենք այդ որոշման բոլոր բաղադրիչները, ինչպես նաեւ դրան հաջորդած բոլոր որոշումները: Մենք ողջունում ենք նշանակալի առաջընթացը, որը ձեռք Է բերվել 2008 թվականից ի վեր: Դաշինքի հետ Վրաստանի հարաբերությունները պրակտիկ բոլոր գործիքներն ունեն հնարավոր անդամակցությունը նախապատրաստելու համար»,-հայտարարել են ԱԳ նախարարները, հաղորդել Է Sputnik-ը: